Վարդենիս համայնքի ղեկավարը պարգևատրել է համայնքի անասնաբույժներին

Armenpress 14:42, 26 Ապրիլ, 2024

ԳԱՎԱՌ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է համայնքի անասնաբույժներին՝ շնորհավորելով և պարգևատրելով նրանց մասնագիտական տոնի՝ Անասնաբույժի օրվա առթիվ։  

«Վերջին երկու տարում ձեր բարեխիղճ աշխատանքի շնորհիվ Վարդենիսում նվազել են անասունների համաճարակները։ Վստահ եմ, որ դուք կշարունակեք նույն ջանասիրությամբ աշխատել, որպեսզի նվազագույնի հասցնեք հիվանդությունները մեր համայնքում։ Միայն ու միայն ձեր ջանքերից, մասնագիտական գիտելիքներից է կախված թե՛ անասնագլխաքանակի աճը, թե՛ բնակչության համար առողջ ու անվտանգ մսի ու մսամթերքի ապահովումը։ Մենք բարձր ենք գնահատում ձեր տարիների վաստակն ու աշխատանքը»,-նշել է Ահարոն Խաչատրյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Վարդենիսի համայնքապետարանից, համայնքի ղեկավարը  անասնաբույժներ Վանյա Զարոյանին, Աղվան Պողոսյանին, Մուրադ  Հովհաննիսյանին և Պարգև Ավետիսյանին պարգևատրել է պատվոգրերով՝ անասնաբուժական համակարգի կայացման, զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև երկարատև և արդյունավետ աշխատանքի համար։

 

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am